ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր առաջարկով  ԱՊՊԱ չունեցող վարորդների տույժերի չափը 4 անգամ կնվազի․ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց նախագիծը

Նոր առաջարկով ԱՊՊԱ չունեցող վարորդների տույժերի չափը 4 անգամ կնվազի․ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց նախագիծը

ՀՀ կառավարությունը որդեգրել է ճանապարհային երթևեկության ապահովման  ոլորտում մի քաղաքականություն, ըստ որի առաջնահերթությունը տրվում է  ոչ թե անձի նկատմամբ խստությանը, այլ անձին դաստիարակելու և իրավախախտում չկատարելու տրամաբանությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին որոշման նախագծի փոփոխությունները:

Նա նշեց, որ ներկայիս կարգավորումներով՝ եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր տասը օրվա համար պետք է տուգանվի 5 հազար դրամի չափով, բայց ոչ ավելի քան տարվա մեջ հարյուր հազար դրամը, և հարյուր հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցը վարում է առանց ԱՊՊԱ պայմանագրի: 

«Մենք համարում ենք նշանակված հարյուր հազար դրամ տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին: Հարյուր հազար դրամ տուգանքը բավականին ծանր սոցիալական բեռ է, և, եթե հաշվի առնենք, որ այս իրավախախտմանը նպաստող հիմնական պատճառը հենց անձի ֆինանսական դրությունն է, ապա պետք է  փաստենք, որ խիստ անհամաչափ է նշանակված տույժը»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագծով նախատեսում են` ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ տարեկան վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը չգերազանցի 50 հազար դրամը՝ այսօրվա հարյուր հազար դրամի փոխարեն, իսկ եթե 24 ժամվա մեջ արձանագրությունը կազմելուց հետո, եթե անձը ներկայացնում է  ԱՊՊԱ պայմանագիր, ապա նա վճարում է սահմանված հարյուր հազար դրամ տուգանքի ընդամենը 25 տոկոսը:

«Այս նախագծով չորս անգամ նվազեցրել ենք տուգանքի չափը, ինչը իր հետ բերելու է սոցիալական բեռի թեթևացում»,-ասաց պատգամավորը և օրինակ բերեց, որ  մարզերում ոստիկանությունը շատ մեծ դժվարությամբ է արձանագրում խախտումները, որոնք որ հարյուր հազար դրամ տուգանքի չափ են նախատեսում: Ըստ նրա՝ այս կարգավորումից հետո և´ արձանագրումնեի քանակն է ավելանում, և´ ԱՊՊԱ պայմանագիր կնքողների քանակն է ավելանալու:

 

  • Կիսվել: