երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն

Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը քաղաքացիների համար կնվազեցվի 75 տոկոսով, եթե քաղաքացին 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիրը. հանվում է այդ պայմանագիրը Ոստիկանություն ներկայացնելու պահանջը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի պարզ վարչարարություն նախատեսող նախագիծը պատգամավորը ներկայացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Գործող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Բայց գոյություն ունի խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ, այսինքն՝ ի սկզբանե նախատեսված գումարի 25 տոկոսի չափով:

«Մեր քաղաքացիներն, այսինքն, ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կամ Ոստիկանության բաժանմունք կամ որևէ պարեկային ծառայողի: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այս հավելյալ պարտավորություն հանել քաղաքացիների վրայից, որովհետև այս տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը»,-ասաց Աղաջանյանը:

75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող, խրախուսող նորմը ժամանակին մտել էր ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը նկատել է՝ փոփոխությունը դրական արդյունք է տվել, պայմանագրերի քանակներն ավելացել են այս ընթացքում:

«Ըստ ներկայացված նոր նախագծի՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց, որից հետո իր նկատմամբ տուգանքի որոշումը կփոխվի: Ոստիկանությունն օնլայն պետք է  հետևի, տեսնի ու վարույթը կարճի, 100 հազար դրամի փոխարեն 25 հազար դրամ պատասխանատվություն նախատեսի»,-ասաց Խաչատրյանը:

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

 

  • Կիսվել: