շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլի նպատակն է սերմանել այն միտքը, որ Արցախն այլևս երբեք հայկական չի լինելու. Արմեն Աշոտյան

Նիկոլի նպատակն է սերմանել այն միտքը, որ Արցախն այլևս երբեք հայկական չի լինելու. Արմեն Աշոտյան

Երեկ Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ հետևողական մի քաղաքականությամբ, որ նպատակն է հայ ժողովրդի մտքում սերմանել, որ Արցախն այլևս երբեք հայկական չի լինելու, և Ցեղասպանության ճանաչման քաղաքականություն ՀՀ-ն այլևս երբեք չի հետապնդելու։ Այս մասին ասյօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կայացած առցանց ասուլիսում հնչեցրած մտքերին։

«Նա երեկ փորձում էր խաբել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել 1991-1992 թվականներին, և մենք այն ժամանակներից Արցախի՝ հայկական մնալու համար ռումբեր ենք տեղադրել։ Արցախի խնդիրը երբեք ոչ մի առնչություն չի ունեցել տարածքային ամբողջականության հետ, որովհետև ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ երբեք չի ունեցել տարածքային նկրտումներ։ Արցախյան խնդիրը որպես տարածքային վեճ դիտարկելն ադրբեջանական քաղաքականություն է եղել, որով հայր և որդի Ալիևները 25 տարի հանդես են եկել։ Նիկոլը կրկնում է այն թեզերը, որ առաջ են տարել Ադրբեջանի ղեկավարները տարիներ շարունակ»,-ասաց նա։

Ըստ Աշոտյանի՝ հաջորդ կարևորագույն թիրախը, որն ընտրել է Փաշինայնը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն է։ «ՀՀ-ն երբևէ Թուրքիայի նկատմամբ չի ունեցել տարածքային նկրտումներ, Հայաստանի երրորդ հանրապետության խնդիրը եղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Ակնհայտ է, որ Նիկոլը թուրքերին ծախում է նաև Ցեղասպանությունը՝ որպես հայկական ինքնության գործոն և պահանջատիրություն»,-ասաց Աշոտյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինյանն Ալիևին Ալիևից լավ է պաշտպանում։ «Նա հայախոս Ալիև է դարձել։ Ասում է՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները 1994-ից հետո Հայաստանից հնչեցրած մտքերի հայելային արտապատկերումն է։ ՀՀ մի ղեկավար հիշեցրեք, որ երբևէ ասել է՝ Բաքուն հայկական է։ Երբեք չի եղել նման բան»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, թե Փաշինյանն արդարացնում է Ալիևին։

Աշոտյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը նշում էր, թե հայկական բանակն էլ երբեք նվաճողական չի լինելու, ապա հարց հնչեցրեց՝ արդյո՞ք ՀՀ բանակը երբևէ եղել է նվաճողական, ագրեսիվ։ «Բանակի ծնունդն ենք նշելու 3 օրից, ու ինքն ասում է՝ բանակն այլևս ագրեսոր չի լինելու․ ագրեսո՞ր է եղել։ Զարթնել ենք, գնացել ենք պատերազմի՞, թե՞ մեր տները, մեր հայրենիքն ենք պաշտպանել»,-ասաց նա։

  • Կիսվել: