«Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով փորձում է անդամակցել ԵԺԿ-ին, որն աներկբա ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է». Մամիջանյան
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, եվրոպական արժեքների հետ ոչ մի կապ չունի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ երկրում ընթացող քրեական հետապնդումներին։
Դատարանը, հիշեցնենք, այս պահին քննում է քննիչի միջնորդությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։
Հայկ Մամիջանյանը այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ Աշոտյանը քաղբանտարկյալ է, դա նույնիսկ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունն է փաստել. այն կառույցը, որին այս ժամանակաշրջանում ձգտում է անդամագրվել ՔՊ-ն։
«ԵԺԿ-ն Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղաքական բանտարկյալ և վերահաստատել է Հայաստանում քաղաքական բանտարկյալների գոյության փաստը։ Նաև պահանջել է Աշոտյանի անհապաղ ազատ արձակումը՝ դեռևս նրա առաջին կալանքի ժամանակ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այժմ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է դառնալ ԵԺԿ անդամ։ Փաստացի, ձգտում է անդամակցել մի կառույցի, որն աներկբա ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է»,- ասաց Մամիջանյանը։


