ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցությունը հայտնող քաղաքացիների ակցիան Ապարանում

Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցությունը հայտնող քաղաքացիների ակցիան Ապարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցությունը հայտնող  քաղաքացիներն ակցիա են անցկացնում Ապարանում:

Արագածոտնի տարբեր համայնքներից ժամանած քաղաքացիները հավաքվել են՝ իրենց դժգոհությունը այդկերպ հայտնելով համայնքապետերի կողմից ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի դեմ:

Շենավան վարչական տարածքի ղեկավարն ասաց, որ իր կողմից եղել է թյուրիմացություն՝ կապված վարչապետի հրաժարականի հետ, որի համար զղջում է և ներողություն խնդրում ժողովրդից:

 

«Մեր գյուղը միշտ եղել է վարչապետի հետ, որտեղ ժողովուրդը, էնտեղ ես»,- ասաց ղեկավարը, ինչին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները սկսեցին ծափահարել և վանկարկել «Նիկոլ, Նիկոլ»:

Ակցիայի մասնակիցներից մեկը «Առաջին լրատվականի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղապետերը իրենց կարծիքն են հայտնել՝ անտեսելով գյուղացիների կարծիքը:

«Ժողովրդի անունից ոչ մի բան չկա: Մենք մեր վարչապետի հետն ենք, ու վարչապետին էլ խորհուրդ ենք տալիս, որ մի քայլ հետ չանի: Ժողովուրդն իր կողքն է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, թե 16 կուսակցություններին չի հաջողվում անգամ 1000 մարդ հավաքել:

Մեկ այլ ցուցարար էլ հայտարարեց, որ ամբողջ Ապարանը վարչապետի կողքին է:

«Էդ 10 հոգին, որ վարչապետի հրաժարականն է ուզում, ամբողջ Ապարանի պատիվն է գցում: Ապարանը միշտ թասիբով է եղել: Ապարանը չի թողել, որ թուրքը մտնի Ապարան: Ամբողջ Ապարանը մեր վարչապետի հետ է»,- ասաց ցուցարարը:

  • Կիսվել: