Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալու և չգնալու որոշումը ես չեմ կայացնում. Հակոբ Արշակյան
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալու և չգնալու որոշումը ես չեմ կայացնում, ես կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես նաև հայերին է պատկանում, և Հայաստանին է պատկանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ է համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին լինի Մոսկվայում եւ մասնակցի զորահանդեսին:
«Դա, իհարկե, քննարկման ենթակա չէ, մենք 300 հազար զոհ ենք տվել ըստ պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել: Մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին: Այսինքն, եթե դուք ուզում եք ինձանից որևէ այլ գնահատական լսել, ես չունեմ որևէ այլ գնահատական: Դա հավասարապես նաև մեր հաղթանակն է և մեր տոնն է»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։