շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք ոչ թե պետք է խեղճանանք ճգնաժամի ընթացքում, այլ ուժեղանանք. Փաշինյան (տեսանյութ)

Մենք ոչ թե պետք է խեղճանանք ճգնաժամի ընթացքում, այլ ուժեղանանք. Փաշինյան (տեսանյութ)

Մեր աշխատանքները հիմնականում երեք ուղղությամբ ենք տանելու։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսական հրատապ գործողություններ, սոցիալական հրատապ գործողություններ և տնտեսական բնույթի ռազմավարական գործողություններ։ Մենք կոնկրետացրել ենք մեր պատկերացումներն այդ գործողությունների վերաբերյալ և հիմա հստակ կարող ենք ասել, որ մենք կիրականացնենք մեր խնդիրը՝ էականորեն փոխել Հայաստանի տնտեսական վիակն ու դիրքն աշխարհում։ Մանավանդ որ ի հեճուկս համաշխարհային ճգնաժամի՝ Հայաստանը շարունակում է բարելավել իր տնտեսական իմիջը միջազգային ռեյտինգներում ՝ նաև կորոնավիրուսի պայմաններում։

 Այս փուլում մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն մեր տնտեսվարողներին աջակցելը և մեր մրցունակությունը բարձրացնելը, այլև շատերին պետք է տեսանելի լինի աշխարհում, որ հետճգնաժամային պայմաններում Հայաստանը տնտեսվարությամբ զբաղվելու լավագույն վայրերից է աշխարհում։

Մենք պետք է նաև բաց լինենք առաջարկների համար։ Պետք է հաղորդակցություն ունենանք քաղաքական և հասարակական այն շրջանակների հետ, ովքեր գաղափարներ ունեն մեզ հետ կիսելու։ Բոլոր օգտակար գաղափարները պետք է ի գիտություն ընդունենք։

Մենք ոչ թե պետք է խեղճանանք ճգնաժամի ընթացքում, այլ ուժեղանանք և աջակցենք նրանց, ովքեր ուզում են ուժեղանալ»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այսօր ինքը հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, քննարկել սոցիալական աջակցության հրատապ գործողությունները։

«Այստեղ մեր խնդիր այն է, որ սոցիալական աջակցությունը թիրախային լինի ու հասի այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այսօրվա խորհրդակցության ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսական ոլորտի անելիքները։

 

 

  • Կիսվել: