շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ներկայիս պատերազմի պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք և ոչ միայն ճանաչի, այլև բացեիբաց աջակցություն ցուցաբերի Արցախին. ՀՀ նախագահ

Ներկայիս պատերազմի պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք և ոչ միայն ճանաչի, այլև բացեիբաց աջակցություն ցուցաբերի Արցախին. ՀՀ նախագահ

Հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ. նախագահ Սարգսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

 

Հարցազրույցը՝ ստորև.

Հարց-Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:

 

ՀՀ նախագահ-Ցանկանում եմ նախ և առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց և սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջև, ինչպես նաև կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է:

Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջևանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև և այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից:

Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, և որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել և իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների: Ադրբեջանցիների և թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչև F-16 կործանիչներ, ինչը ևս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլև օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից:

Հարց- Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արևելյան կողմում, այլև ձեր և Թուրքիայի սահմանին:

  • Կիսվել: