ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ

Նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է երկու հիմնական մասի` ուսումնական և վարչատնտեսական: Նախատեսվում է նաև անցում կատարել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մինչև 2023 թվականը:

Մյուս փոփոխությամբ Կառավարությունը մտադիր է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը` վերանայելով չափորոշիչները, ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերը: Նպատակն է խթանել քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները` առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Նախատեսվում է վերանայել գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների և օտար լեզուների բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում, քանի որ Կառավարությունը մտադիր է վերանայել ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը: Առաջարկն ընդունվել է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկել են նախագծի վերաբերյալ անցկացնել խորհրդարանական լսումներ, քանի որ այն հավելյալ քննարկման և հստակեցման կարիք ունի: Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ` որպեսզի օրենքն իսկապես կենսունակ լինի` այն պետք է բոլոր շահառուների հետ քննարկել:

Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը դրական է գնահատել նախագիծը` նշելով, որ այն հանրությանն քննարկմանը ներկայացված է եղել դեռևս հունիսից: Հանձնաժողովի նախագահն ու փոխնախարարը պատրաստակամություն են հայտնել շահագրգիռ անձանց հետ շարունակելու փոփոխությունների քննարկումը` հաշվի առնելով առաջարկները:

Նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կկազմակերպվեն նաև խորհրդարանական լսումներ:

  • Կիսվել: