հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում նախագահը այլևս արբիտր չէ և վերածվել է կոնկրետ ուժի շահեր սպասարկող ինստիտուտի․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանում նախագահը այլևս արբիտր չէ և վերածվել է կոնկրետ ուժի շահեր սպասարկող ինստիտուտի․ Սիրանուշ Սահակյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Հայաստանի նախագահը անգործություն է դրսևորել ԱԺ-ի կողմից ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը չստորագրելով և դա լեգիտիմ է։

InfoPort.am-ի հետ զրույցում Սահակյանն ասաց, որ նախագահի գործողությունները օրենքը ստորագրել-չստորագրելու հարցում կարգավորում է ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածը։

Այն սահմանում է՝ 1․ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: «Եթե նախագահի անգործությունը, այսինքն՝ Սահմանադրական դատարան չդիմելը և օրենքը չստորագրելը, հանդուրժվում է 21 օր, դրանից հետո օրենքը ստորագրելու լիազորությունը փոխանցվում է Ազգային ժողովի նախագահին։

Նախագահը այս շղթայից դուրս որևէ անելիք չունի և որևէ գործողություն չի կարող իրականացնել, որը առաջ կբերի հետևանքներ։ Իհարկե, վարքագիծ դրսևորել կարող է, օրինակ կարող է պաղպաղակ ուտել, պարել, երգել, բայց դրանք սահմանադրաիրավական տեսանկյունից չեն կարող հետևանք առաջացնել», -InfoPort.am-ին ասաց Սիրանուշ Սահակյանը։

Իրավաբանն ընդգծեց, որ քանի դեռ չի սպառվել 21-րդ օրը Ազգային ժողովի նախագահը չի կարող ստորագրել ՀՀ նախագահի չստորագրած օրենքը։ «Որևէ պետական մարմնի կողմից 21-օրյա ժամկետում օրենքը ստորագրելը կլինի հակաիրավական, ինչը կարող է առաջացնել քրեաիրավական հետևանքներ», - շեշտեց Սահակյանը։

Հարցին, թե ինչու նախագահը իր դիրքորոշման մասին հայտարարեց հենց նույն՝ օրինագծի ընդունման օրը, հնարավո՞ր է այդուհանդերձ ավելի վաղ ԱԺ նախագահը ստորագրի այն, իրավաբանը պատասխանեց․ «Սահմաանդրությունը այլընտրանք չունի։ Կարծում եմ՝ միգուցե պայմանավորվածությունների շրջանակում փորձ է արվել իրացնել այն մեկնաբանությունը, որ եթե հայտարարում եմ՝ չեմ ստորագրում, ուրեմն սպառված է 21-օրյա ժամկետը, և այդ գործողությունը կարող է այլ պաշտոնատար անձ կատարել»։

Այդուհաներձ, հիմնվելով նախկինում ունեցած փորձի վրա, Սահակյանը չբացառեց, որ երեկվա իր հայտարարությունից հետո ՀՀ նախագահը այդուհանդերձ ստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական փոփոխված օրենքը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահը իր գործողություններում հետևողականություն չի ցուցաբերել, շատ հնարավոր է, որ 21 օրվա ընթացքում նախագահը մի օր հայտարարի, որ կստորագրի օրենքը։ Դրա փորձը եղել Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածուի համար առաջադրելու ժամանակ», -նշեց Սահակյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ՀՀ նախագահը նման քայլի դիմեց՝ արդյոք դա պատասխանատվությունից խուսափելու փորձ էր, ի պատասխան Սահակյանը ընդգծեց․ «Նախագահը բավականին երկար ժամանակ դադարել է արբիտրի դեր կատարել։ Նա պետության գլխին բնորոշ չեզոքություն դրսևորելով, Սահմանադրությունը պահպանելով պետք է երաշխավորեր ճիշտ հակակշռումների համակարգ ՀՀ-ում, որպեսզի որևէ իշխանության ձեռքին տեղի չունենար գերկենտրոնացում։ Ինստիտուցիոնալ տեսանկյունից նախագահը այլևս արբիտր չէ մեր երկրում և իմ տպավորությամբ վերածվել է կոնկրետ ուժի շահեր սպասարկող ինստիտուտի»։

Հարցին, թե եթե սպասարկում է կոնկրետ ուժի շահերը, ապա ինչո՞ւ չի ստորագրում չէ՞ որ իշխող ուժի ցանկությունն էր ի վերջո ունենալ ստորագրված օրենք, Սահակյանը պատասխանեց, որ իր համար ընդունելի կլիներ օրենքը ստորագրելը, քանզի դա պատասխանատվություն է և աջակցություն բարեփոխումներին։

«Նախագահը հայտարարեց, որ աջակցում է Սահամանդրական բարեփոխումներին և հետ կանգնեց, չստորագրեց ԱԺ-ի առաջարկած օրենքը, որը այդ բարեփոխումների շարքից էր։ Մենք տեսնում ենք իներտ, անդեմ վարքագիծ, որի պարագայում պատասխանատվություն չկա։ Իսկ ես կարծում եմ, որ ցանկացած անձի անպատասխանատվություն, երբ պետք է սահմանադրական արժեքներ պաշտպանվեն, ծառայում է այն ուժին, որը ոտնահարում է սահմանադրական արժեքները։

Այս առումով եմ համարում, որ դա սպասարկող շահ է։ Իսկ ընդհանուր բնութագրականս հետևյալն է՝ նախագահը անդեմ, իներտ մոտեցում է դրսևորում երկրում տեղի ունեցող զարգացումներին», -հստակեցրեց Սիրանուշ Սահակյանը։

  • Կիսվել: