հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախագահի պաշտոնում 5-6 թեկնածուներ են քննարկվել, ես ինքնաբացարկ եմ հայտնել. Սիմոնյան

Նախագահի պաշտոնում 5-6 թեկնածուներ են քննարկվել, ես ինքնաբացարկ եմ հայտնել. Սիմոնյան

ՀՀ նախագահի պաշտոնում 5-6 թեկնածուներ են քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:

«Քննարկումը  տեղի է ունեցել նախ ՔՊ վարչության ֆորմատով, ապա նաեւ խմբակցության հետ է քննարկվել։ Մի քանի հոգու կողմից է առաջադրվել պարոն Խաչատրյանի թեկնածությունը, կոնկրետ չեմ կարող մտաբերել, որովհետեւ շատ երկար ենք քննարկել: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ հայտնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը նշում է, որ քաղաքական թիմի անդամը, ըստ էության, լինելու է ՔՊ-ի շահերը սպասարկող նախգահ, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Մենք ում էլ առաջադրեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր: Մենք տեսել ենք ընդդիմության թեկնածուներին: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել՝ կարող եմ իրենց հանգստացնել, նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են և գալիս են քննարկումների, ուստի ընդդիմությունն  ունի թեկնածուներ ընտրելու իր ձևը, մենք՝ մեր»,- ասաց Ալեն Սիմոնյանը և կրկնեց, որ ում էլ առաջադրեին, բնական է, ընդդիմությունն իր պատկերացրած թեկնածուին էր պատկերացնելու և չէր համընկնելու, այնպես որ զարմանալու ոչինչ չկա:

Անդրադառնալով  հարցին, թե  Վահագն Խաչատրյանը կվարի ներդաշնակ հարաբերություններ քաղաքական թիմի հետ՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես չգիտեմ, ես գիտեմ, որ մենք  լավ ընտրություն  ենք կատարել և ես շատ ուրախ եմ, որ մենք, ըստ իս, ճիշտ ընտրություն ենք կատարել»։ 

Խոսելով Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին  Սիմոնյանը  նշեց ․ «Ես հիմա կատարում եմ նախագահի պարտականությունները և կոռեկտ  չեմ  համարում բացի  պարոն Սարգսյանի պաշտոնական հայտարարությունից այլ մեկնաբանություն տալը»։ 

  • Կիսվել: