երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին:

Հանրապետության նախագահը ողջունելով հյուրին, մասնավորապես, նշել է.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ-սլովենական հարաբերութունների զարգացման գործում Ձեր կատարած ներդրման համար: Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են փոխշահավետ համագործակցության և մեր ընդհանուր արժեքներին նվիրված լինելու վրա: Մենք գալիք տարի նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Համոզված եմ՝ կամփոփենք այն ամենը, ինչ արել ենք համատեղ և, իհարկե, միշտ պետք է առաջ նայել, զարգացնել հարաբերությունները, գտնել համագործակցության նոր բնագավառներ, նոր ոլորտներ»:

Դեսպան Մենցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր դիվանագիտական ծառայությունը միտված է եղել երկու երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության խթանմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցային ներուժի առկայությունը, ինչպես նաև կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Սլովենիայի սերտ համագործակցությունը:

  • Կիսվել: