ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Նախագահ Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի վարչության անդամներին

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի վարչության անդամներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին՝ վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:

Ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի աշխատանքը՝ Ջորջ Բարսեղյանն ասել է, որ ստեղծման օրվանից՝ 2012 թվականից, կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում հաստատված սիրիահայությանն օժանդակելուն, նրանց խնդիրների համակարգման ու աջակցության կազմակերպմանը: Նշելով, որ կենտրոնն այսօր իր գործունեությունը ծավալում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո, Ջորջ Բարսեղյանն ասել է, որ անցած 18 տարիների ընթացքում համագործակցել են պետական կառույցների, մարդասիրական ու բարեսիրական կազմակերպությունների հետ և այսօր իրենց պարտքն են համարում շնորհակալություն հայտնել բոլոր այդ կազմակերպություններին ու կառույցներին:

Երախտագիտություն հայտնելով սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայության և նրանց խնդիրների նկատմամբ Հանրապետության նախագահին և նախագահական ինստիտուտին՝ ուշադրության ու աջակցության համար, կենտրոնի կողմից նախագահ Սարգսյանին են հանձնվել շնորհակալագիր և հուշանվեր. «Նախագահը, նախագահական համակարգը մշտապես հնարավորինս աջակցել են սիրիահայերին»,-նշել են կենտրոնի ներկայացուցիչները:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ այդ ամենը համարում է վերաբերմունք ոչ միայն իր՝ որպես անհատի, այլև նախագահական ինստիտուտի, կառավարության, ընդհանրապես, պետական բոլոր մարմինների և Հայաստանի ժողովրդի հանդեպ:

Նշելով, որ հայրենադարձությունը և՛ բաղձալի, և՛ ուրախալի, բայց հաճախ նաև ցավալի պատմական, քաղաքական, ռազմական իրադարձությունների արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Նույնիսկ Առաջին հանրապետության կարճ պատմության ընթացքում եղավ հայրենադարձություն մի շարք երկրներից՝ հայրենադարձություն հայ մտավորականության, որոնք հայրենիք վերադարձան, որպեսզի պետություն կառուցեն։ Հայրենադարձություն եղավ նաև Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին։ Եվ, իհարկե, ամենամեծ հայրենադարձությունը 1946 թվականից հետո էր, որը արդյունք էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ արհավիրքի»:

Հանրապետության նախագահը նշել է, որ թեև 1946-ին Խորհրդային Միությունը շատ ծանր վիճակում էր, բայց, միևնույն է, հայերը Միջին Արևելքից, Եվրոպայից, շատ երկրներից վերադարձան հայրենիք։ Մեր ժողովուրդը հարյուր հազարավոր մարդկանց էր կորցրել պատերազմում, և նրանք վերադարձան, որ ինչ-որ իմաստով այդ վերքը բուժեն։ «Սակայն հայրենադարձությունը նույնիսկ այն օրերին զուտ ֆիզիկական տեղափոխություն չէր, -ասել է նախագահ Սարգսյանը։ -Մարդիկ եկան՝ իրենց հետ բերելով նաև մշակույթ, փորձառություն, մշակույթի և գիտության ապագա գործիչների։

Ինչու՞ եմ այս ամբողջը պատմում. մեր Սփյուռքի առանձին հատվածներում, երբ դժվարություն է լինում, հայացքը դեպի Հայաստանն է։ Սիրիայում տեղի ունեցած երևույթները և պատերազմը մարդկային կյանքեր խլեցին, քանդեցին ընտանիքներ և մարդկանց տներ, քանդեցին մարդկանց կայուն ապագան․ սա ցավալի մասն է։ Իսկ ուրախալին այն է, որ սփյուռքահայերը, այդ թվում՝ սիրիահայերն, այսօր հայրենիք ունեն, և եթե դժվարություն լինի այն երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է, միշտ տեղ ունեն գնալու, ինչպես յուրաքանչյուր զավակ, որը միշտ դժվար պահերին վերադառնում է ծնողների մոտ: Վերադառնում է իր հայրենիք՝ գտնելու իր ինքնությունը։ Սա մեր վերջնական հանգրվանն է բոլոր իմաստներով:

Իհարկե, ձեզ համար էլ հեշտ չի եղել, բայց դուք հայ եք: Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, որ ամեն ինչ կորցնելուց հետո սիրիահայերը վերադարձել և հայրենիքում նորից զրոյից սկսել են, կառուցել են և՛ իրենց ընտանիքը, և՛ ապագան, և այսօր իրենց հայրենիքի մասն են կազմում: Հավանաբար հայրենադարձության ալիքներ նորից կլինեն և շատերը նորից վերադառնալու են հայրենիք: Մեր խնդիրը շատ պարզ է՝ մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ լինի ցանկացած պահի ընդունելու իր զավակներին: Սա ձեր տունն է: Մեր բոլորի տունն է»:

Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ երբեք չպետք է մոռանանք Սիրիայի վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ, մանավանդ Ցեղասպանությունից հետո: «Ոչ միայն չենք կարող մոռանալ այն մշակույթը, հոգևոր արժեքները, եկեղեցիները, կենտրոնները, որ դուք ստեղծել եք, այլ նաև Սիրիայի ժողովրդի վերաբերմունքը մեր հանդեպ: Սիրիահայությունը շարունակելու է կամուրջ լինել Հայաստանի և Սիրիայի միջև»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանը շնորհակալությամբ նշել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Երևան իմ սեր» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արմեն Սարգսյանը, կարիքավոր 400 սիրիահայ ընտանիքների տրամադրել է սոցիալական աջակցություն։

  • Կիսվել: