երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ԵՄ օրենսդրությունների մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը․ նախագիծ

ՀՀ-ԵՄ օրենսդրությունների մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը․ նախագիծ

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումները:

Կառավարության հեղինակած նախագիծը պատգամավորները քննարկել են պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Զեկուցողի խոսքով՝ մոտարկման գործընթացը ենթադրում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում` ըստ անհրաժեշտության դրանք համապատասխանեցնելով համաձայնագրով նախատեսված ԵՄ օրենսդրությանը: Նշվել է, որ ԵՄ-ի հետ նման համաձայնագրեր կնքած երկրներում` Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում արդեն ներդրվել են համապատասխան մեխանիզմներ, որոնցով ստուգվում է օրենսդրության մոտարկման համապատասխանությունը:

Ըստ Արա Մկրտչյանի` ԵՄ փորձագետների հետ կայացած քննարկումների և համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև նրանց տրամադրած ուղեցույցներով նշվել է, որ մշակված իրավական ակտի նախագիծը պետք է ներկայացվի լիազոր մարմնին` փորձաքննության և վերջինիս կողմից տրվի պաշտոնական փաստաթուղթ, որում կնշվի, թե արդյոք մշակված իրավական ակտը համապատասխանո՞ւմ է ԵՄ օրենսդրությանը, թե` ոչ:

«Վերոնշյալ երկրների փորձը և մատնանշված ուղեցույցները ցույց են տալիս, որ պետք է նախատեսվի ազգային լիազոր մարմին` օժտված համապատասխան իրավասություններով»,- ընդգծել է փոխնախարարը:

Վերոնշյալ գործընթացն ապահովելու համար նախագծով սահմանվել է «օրենսդրության մոտարկում» հասկացությունը: Նախատեսվել է, որ մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` պետական իրավական փորձաքննության կատարման շրջանակում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարևորել է նախաձեռնության ընդունումը: Նրա խոսքով՝ այն միտված է առավել համակարգված դարձնելու մոտարկման գործընթացը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ մոտարկման գործընթացի արդյունքում հնարավոր կլինի վերհանել նաև ներքին հակասությունները և ունենալ այնպիսի կանոնակարգումներ, որոնք թույլ կտան առավել արդյունավետ եղանակով կատարել համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորությունները:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: