Նա նախընտրել է չստորագրել այդ հրամանագիրը, որը փաստացի ավելի շատ կարող ենք քաղաքական ակտ համարել․ Սահմանադրական իրավունքի մասնագետ
Զինված ուժերը պետք է զերծ լինեն ցանկացած քաղաքական գործընթացներից և որդեգրեն քաղաքական զսպվածություն, ինչի ականատեսը մենք չենք եղել: Այս մասին «Հայաստանում ինստիտուցիոնալ ճգնաժամի լուծման իրավա-քաղաքական ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ պետք է լինի միասնական մոտեցում
«Քանի որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն ցանկացած հարցի հանգուցալուծումը պետք է լինի ժողովրդի ուղիղ կամարտահայտման միջոցով։ Մենք՝ ոչ առաջին անգամ, առաջարկում ենք քաղաքական բոլոր ուժերին՝ խորհրդարանական ընդդիմությանը, արտախորհրդարանական ընդդիմությանը, և այն քաղաքական ուժերին, որոնք այս պահին գոնե գտնվում են չեզոք դիրքերում, գալ քաղաքական քննարկումների և ձևավորել այն օրակարգը, որով ՀՀ-ն շարժվելու է առաջ։ Սա կարևոր թեզ է մեզ համար»,-ասաց նա։
Նա նշում է, որ ստեղծված իրավիճակում պրոցեսներն ավելի էր էսկալացնում Գլխավոր շտաբի հայտարարությունը, որը նրա խոսքով քաղաքական հստակ երանգներ էր պարունակում, սակայն զինված ուժերը պետք է զերծ լինեն ցանկացած քաղաքական գործընթացներից և որդեգրեն քաղաքական զսպվածություն, ինչի ականատեսը մենք չենք եղել։
Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը նշում է, որ նախագահը հանգել է շատ ճիշտ եզրակացության, քանի որ ըստ էության այստեղ կա օրենքի և սահմանադրության հակասություն․ «Նա նախընտրել է չստորագրել այդ հրամանագիրը, որը փաստացի ավելի շատ կարող ենք քաղաքական ակտ համարել»,- ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի կարծիքով Գլխավոր շտաբի հայտարարությունը քաղաքական չի եղել, այլ միտված էր որևէ կերպ կասեցնել այն գործընթացը, որը սկսել է կառավարությունը՝ կազմալուծելու բանակի ղեկավար կազմը, ինչին նրա խոսքով այսօր ականատես ենք լինում։
«Իշխանությունն ուզում է ևս մեկ կառույց հեղինակազրկել։ Այս պահի դրությամբ երևի չի մնացել մի ինստիտուտ կամ կառույց, որին իշխանությունը առնչված չլինեն կամ որևիցե ձևով հեղինակազրկած չլինեն։ Հերթը հասել է բանակին, որոնց վրա ուզում էր իր մեղքը բարդել»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ այն իշխանությունը, որը զիջել է Արցախը, չի կարող մնալ իշխանություն։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չստորագրեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը և որոշեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ դիմել ՍԴ: Փորձագետերի կարծիքով, ՍԴ դիմելու գործընթացը խոչընդոտ չի հանդիսանում ԳՇ պետի պաշտոնից ազատման հարցում։
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ պետք է քաղաքական կոնսենսուս այս ճգնաժամի հանգուցալուծման հարցում․
«Պետք չէ կազմաքանդել պետական ինստիտուտները և կարիք չկա, որ պետական ինստիտուտները, որոնք լինելով սահմանադրական մարմիններ, ունեն առաքելություն չեզոքություն պահպանելու, միջամտեն քաղաքականությանը։ Քաղաքական զսպվածությունն իրենց պարտականությունն է և պետք է նման սահմանադրական մարմինները մնան իրենց առաքելությունների շրջանակում»,-ասաց նա։