շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական նորություններ չհնչեցին, ըստ այդմ՝ նոր ռիսկեր էլ առկա չեն. Աբրահամյան

Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական նորություններ չհնչեցին, ըստ այդմ՝ նոր ռիսկեր էլ առկա չեն. Աբրահամյան

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Մյունխենյան հանդիպումից, դրան հաջորդած քննարկումից սպասումներ չուներ։

«Մյունհենյան ձևաչափից սպասումներ չեմ ունեցել, քանի որ այնտեղ լուրջ, խորքային քննարկում չէր սպասվում: Կողմերը հնարավորություն ստացան իրենց դիրքորոշումներն արտահայտելու գործընթացի տարբեր դրվագների, զարգացումների շուրջ, սակայն ավելին սպասելն անիմաստ էր», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանը՝ մեկնաբանելով Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանավեճ-քննարկումը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկման բովանդակությանը, Աբրահամյանն ասաց, թե նորություն չի հնչել ու հավելեց.

«Չեմ կարծում, թե մեր հիմնական մտահոգությունները պետք է այդ հանդիպումից հետո ձևավորվեին: Մեծ առումով, չեմ հիշում քննարկված մի թեմա, որը մինչ այժմ չէր քննարկվել: Այսինքն՝ էական նորություններ չկային, ըստ այդմ՝ նոր ռիսկեր էլ առկա չեն»:

Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը համառորեն մերժում է արցախյան կողմին՝ բանակցությունների կողմ դարձնելուն, ավելին՝ այդ երկրի նախագահը պարբերաբար ասում էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, մի՞թե երկար տարիների բանակցությունները զուր էին, Աբրահամյանը արձագանքեց.

«Սպասելի դիրքորոշում է, որը հնարավոր բոլոր ձևաչափերով հանդիպումներում, քննարկումներում Ադրբեջանի տարբեր ներկայացուցիչներ ներկայացնում են: Սա ավելի շատ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար»

  • Կիսվել: