Մոտակա օրերին կհանդիպենք ԵՄ դիտորդական խմբի հետ. Վայոց ձորի մարզպետ
ԵՄ դիտորդական խումբը դեռ չի հանդիպել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ հարձակման ենթարկված մարզերի մարզպետներին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Նա նշեց. ՛՛Ենթադրում եմ՝ մոտակա օրերին, հունվարին, կունենանք հանդիպում, թե ինչ ձևաչափով, ինչ հարցերի շուրջ՝ դեռ քննարկվում է, հստակություն չկա՛՛:
Գրիգորյանը կարծում է, որ ԵՄ նախորդ դիտորդական առաքելությունը զսպող գործոն է եղել Ադրբեջանի համար:
Հարցին, թե արդյոք դիտորդները ֆիքսել են, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են գտնվում, մարզպետը պատասխանեց. ՛՛Կարծում եմ՝ այո, որովհետեւ մենք այդ հանգամանքները փաստացի ներկայացրել ենք, եւ իրենք իրենց աչքով տեսել են՛՛:



