հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին. ՌԴ դեսպան

Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին. ՌԴ դեսպան

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված կլինի Բաքվի եւ Երեւանի քաղաքական կամքից։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով։ Այս մասին ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը ադրբեջանական ռուսալեզու «Ուտրո» ամսագրի հարցազրույցում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, ներառյալ մայիսի 10-ին եւ 11-ին Ալմաթիում երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջեւ տեղի ունեցած բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Դա եւս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու ճանապարհին։

 

Կարեւոր է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները որոշել են մեզ դաշնակից երկու երկրների միջեւ հաշտեցման գործընթացի անայլընտրանքային «ճանապարհային քարտեզը»։ Խոսքը խաղաղության պայմանագրի կնքման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման եւ սահմանագծման, քաղաքացիական հասարակությունների մշտական շփումների հաստատման մասին է։

Այս առնչությամբ աջակցում ենք սահմանազատման եւ սահմանագծման սկսված գործընթացին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Ելնում ենք այն բանից, որ այն պետք է կրի կայուն, հավասարակշռված եւ փոխընդունելի բնույթ։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել։

Ինչ վերաբերում է արտաքին ճնշմանը, տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտության վառ օրինակ է Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձրամակարդակ հանդիպումը։ Մենք համաձայն ենք Ադրբեջանի նախագահ Ի.Հ. Ալիեւի բազմիցս հնչեցրած գնահատականին, որ հանդիպման նպատակը բաժանարար գծերի ստեղծումն է Հարավային Կովկասում։

Նման այլ օրինակ է ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Դրան կանադացի «փորձագետի» միացմամբ այն փաստացի վերածվել է կիսառազմական արեւմտյան գործողության՝ կասկածելի նպատակներով։ Արդեն առնվազն երկու անգամ ավելացել է նրա աշխատակիցների հաստիքացուցակը, բացվում են նոր հենակետեր։ Այն, որ առաքելությունը Արեւմուտքի հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում են դրա գաղտնիությունը, հաշվետվողական չլինելը եւ չենթարկվելը ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Այն բացահայտ սադրիչ աշխատանք է տանում, զբաղվում հակառուսական քարոզչությամբ, ձեռք բերում հակաադրբեջանական եւ հակաիրանական բնույթ։

Համոզված ենք, որ տարածաշրջանային եւ երկկողմ բնույթի ցանկացած խնդիր Հարավային Կովկասում պետք է լուծվի «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքների համապատասխան, համաձայնեցված Թեհրանում 2023թ. հոկտեմբերին «3+3» ձեւաչափի խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորնի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցներն էին ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերները»,- ասել է դեսպանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: