հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվան Բաքվի հետ ունի պայմանավորվածություն, որ ինքը Հայաստանին չպետք է զինի. Գագիկ Մելքոնյան

Մոսկվան Բաքվի հետ ունի պայմանավորվածություն, որ ինքը Հայաստանին չպետք է զինի. Գագիկ Մելքոնյան

Մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մեզ ոչ մի զենք չի տալիս, այն դեպքում, երբ մենք նախօրոք վճարել ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Հիմա այդ գումարներն էլ հետ չի տալիս: Մյուս կողմից Ռուսաստանը դաշնակից է նաեւ Բաքվին, եւ ես կարծում եմ՝ Բաքվի հետ ունի պայմանավորվածություն, որ ինքը Հայաստանին չպետք է զինի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինում Ռուսաստանը զենք էր մատակարարում Հայաստանին, պատգամավորն արձագանքեց. «Մենք նախկինում խայտառակ պայմանագիր ունեինք, որ պետք է զենք գնենք միայն Ռուսաստանից: Ռուսաստանն էլ տալիս էր հին զենքեր, հին տեխնիկա: 2002-2004 թվականներին, երբ ես ծառայության մեջ էի, մենք տեխնիկան վերցնում էինք, վերանորոգում էինք, նորից գումար էինք տալիս, որ վերանորոգեն ու բերում էինք այդ վերանորոգված տեխնիկան: Իսկ վերջին տարիներին ընդհանրապես չեն տվել: Սերժ Սարգսյանի ժամանակ «Իսկանդեր» տվեցին, ուրախացանք, հետո համոզվեցինք, որ էդ «Իսկանդերներն» էլ «Իսկանդերներ» չէին: Դրանք սովորական արկեր էին:

Ես համոզված եմ, որ այդտեղ էլ կար պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ, ասելով՝ «Իսկանդերներից» դուք մի վախեցեք,  այդ հարցը լուծված է»:

  • Կիսվել: