երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Մոնոէթնիկ երկրում երկրորդ պետական լեզու չի կարող լինել»․ «Փաստ»

«Մոնոէթնիկ երկրում երկրորդ պետական լեզու չի կարող լինել»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել, ըստ որի՝ Հայաստանում կավելանա ռուսաց լեզվի ուսուցիչների թիվը:

Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար և այլն: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս առումով «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է մինչ այս ռուսաց լեզվի շուրջ ծավալված գործընթացների մասին. «Ինձ այստեղ ավելի շատ զարմացնում է հետևյալը: Քաղաքական կոնկրետ ուժի կամ հասարակական հատվածի ներկայացուցիչները երկար տարիներ «դոշ էին ծեծում», ասում, թե դեմ են ռուսական դպրոցների ստեղծմանը, այս առումով անգամ շարժումներ էին սկսվել:

Հիմա նրանք բավականին դրական, հանգիստ են ընդունում այդ ամենն ու այլևս իրենցից ծպտուն չենք լսում: Այն մարդիկ, այն ակտիվիստները, որոնք այդ լոզունգներով եկել են իշխանության, հիմա սուսուփուս նստած են: Հիմա, օրինակ՝ շատ հետաքրքիր կլիներ լսել այդ պսևդո ակտիվիստներին, որոնք իշխանության եկան այդ լոզունգներով ու հակառուսական իմիջով էին փորձում ընտրողների ձայները վերցնել»:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ մի բան է, եթե լեզվի կարգավիճակի հարց է դրվում, մեկ այլ բան՝ եթե լեզվի ուսուցման խորացման մասին է խոսքը. «Ընդհանուր առմամբ, այլ բան է, երբ պետական լեզվի կարգավիճակի մասին է հարց բարձրացվում: Հիշենք՝ ժամանակ առ ժամանակ նման հարց բարձրացվում էր: Ես միշտ ասել ու ասելու եմ, որ որևէ տրամաբանություն չկա, որ մոնոէթնիկ երկրում, որտեղ գրեթե 99 տոկոսը մի ազգություն՝ հայ են, պետական կարգավիճակով երկրորդ լեզու լինի: Որքանով հասկանում եմ՝ այդ մասին հիմա չի խոսվում:

Դա որևէ տրամաբանության մեջ չի կարող լինել: Մոնոէթնիկ երկրում առհասարակ երկրորդ պետական լեզու չի կարող լինել՝ ուզում է լինի ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն: Այլ հարց է, որ ինչպես այլ միջազգային լեզուները, ռուսերենը ևս պետք է բավականին լավ ու խորացված դասավանդվի, որովհետև, այն, ի վերջո պատուհան է, կամուրջ աշխարհի հետ: Ուրիշ բան, որ պետք է խորացնել ուսուցումը՝ մանավանդ մեր այսօրվա հասարակության մեջ, որտեղ, ընդհանուր առմամբ, կրթությունն ամենագլխավոր խնդիրներից մեկն է»:

Նա շեշտեց, որ այսօր մեզ մոտ ՌԴ քաղաքացիները, որոնց թվում՝ նաև դեսպանատան, ռազմաբազայի աշխատակիցներն են, իրենց համար նախատեսված դպրոցներ ունեն. «Այսքանով կրթության ոլորտում ռուսականացումը պետք է ավարտվի: Նույնը կվերաբերեր անգլերենին, ֆրանսերենին, մյուս լեզուներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում"

  • Կիսվել: