երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միշա Թադևոսյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից

Միշա Թադևոսյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից

Հանրային քննարկման է ներկայացվել Միշա Թադևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

ԿԳՄՍ նախարարությունը նշել է, որ անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

«Միշա Թադևոսյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում․ եղել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության (ՈՒԳԸ) նախագահ, այնուհետև ՀՊՄՀ ՈՒԳԸ փոխնախագահ։

2019թ․-ից ներգրավվել է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի գերակա հետազոտական ուղղությունների («Բուհական կրթության անդրագոգիկ մոտեցումներ»), ինչպես նաև ամբիոնին կից գործող լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքներում։ Ներկայումս աշխատում է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնում որպես Մանկավարժության ամբիոնի դասախոս՝ դասավանդելով բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի կրթական ծրագրերում։

Մ. Թադևոսյանը որպես երիտասարդ գիտնական ունի տպագրված 7 գիտական հոդված (հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից,) համահեղինակ է 2 ուսումնամեթոդական մանկավարժական ձեռնարկների։ Մանկավարժական գործունեության շրջանակում դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթամալիրում, մասնակցում ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի որպես դասընթացավար։

Մ.Թադևոսյանը անդամակցում է մասնագիտական-հետազոտական միավորումների և ցանցերի. հանդիսանում է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների հետազոտական թիմերի անդամ:

Մ․Թադևոսյանը ուսումնառության ողջ ընթացքում մասնակցել է երիտասարդական գիտաժողովների, ամառային ճամբարների, անձնային և մասնագիտական աճին ուղղված մի շարք վերապատրաստումների ՀՀ-ից դուրս շուրջ 10 երկրում (ԱՄՆ, Ավստրիա, Բելգիա, Բելառուս, Գերմանիա, Իսպանիա, Չեխիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա): 2019թ.-ին «ԱՄՆ միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին» շրջանակում եղել է միջազգային հեղինակավոր Վաշինգտոնի, Արիզոնայի, Սիրակուսի, Փիթսբուրգի համալսարաններում։

Մ.Թադևոսյանը աշխատանքային գործունեությունը սկսել է ուսմանը զուգահեռ.

2017-2020թթ.- ընթացքում աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես վերականգնողական ծրագրերի և կրթության բաժնի առաջատար մասնագետ, որի շրջանակում 4 տարի դասավանդել է պատիժ կրող անձանց քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), ինչպես նաև նախագծել, մշակել ՔԿՀ-ներում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման մեթոդաբանություն և մանկավարժական գործիքակազմ։

2019թ.-ին աշխատանքի է անցել Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի) հայաստանյան գրասենյակում որպես բանտային կրթության (քրեակատարողական հիմնարկներում կրթություն) ծրագրի համակարգող, իսկ այժմ շարունակում է աշխատել նույն կազմակերպությունում՝ որպես մեծահասակների կրթության ծրագրերի համակարգող: Աշխատանքային գործունեության շրջանակում Մ․Թադևոսյանը պատասխանատու է կազմակերպության կրթության բնագավառի դաշտային հետազոտական աշխատանքների իրականացման և համակարգման, առկա վիճակագրական տվյալների և փաստաթղթերի հետազոտման, կազմակերպության շահառու կենտրոններում մանկավարժական-կրթական մեթոդաբանության և արդյունավետ համակարգերի, գործիքակազմերի մշակման, իրականացման և գնահատման համար։ Աշխատանքային գործունեության շրջանակներում նա մասնակցում է Հայաստանում մեծահասակների լրացուցիչ և շարունակական կրթության տարբեր բաղադրիչների վերաբերյալ մասնագիտական, գիտական և հետազոտական քննարկումների, միջոցառումների, գիտաժողովների տեղացի և միջազգային գործընկերների հետ։

2021թ․-ի նոյեմբերի 11-ին կայացել է Մ․Թադևոսյանի «Կրթության կազմակերպման հիմնախնդիրները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ դեկտեմբերի 17-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի «Մանկավարժություն» -020 մասնագիտական խորհրդի որոշմամբ Միշա Թադևոսյանին շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,-նշվում է հիմնավորման մեջ:

  • Կիսվել: