հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ

Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ ունեցած հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և համառոտ կերպով ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր  Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու ուղիների և Հայաստանի ու Եվրոպական միության գործընկերության մասին։ Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ներգրավված ենք ավելիի համար», - գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից ևս անդրադարձել են հանդիպմանը

«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանային զարգացումները։

«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձևաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: