ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միրզոյանի հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Բաքվի նկատմամբ «տարածքային պահանջներից». Ադրբեջանի ԱԳՆ

Միրզոյանի հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Բաքվի նկատմամբ «տարածքային պահանջներից». Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն շարունակում է հեռահար մեղադրանքները Երևանի ուղղությամբ: Այդ երկրի արտաքին գործերի ծառայության խոսնակ Այխան Հաջիզադեն կասկածի տակ է դրել հայկական կողմի հայտարարությունները տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու վերաբերյալ:

Նա նաև անհիմն և անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարարի՝ ադրբեջանական կողմին ուղղված մեղադրանքները։

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ այն, որ Արարատ Միրզոյանն իր հարցազրույցում օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի իշխանություններ» արտահայտությունը, վկայում է այն մասին, որ Երևանը չի հրաժարվում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Միրզոյանն իր հարցազրույցում խեղաթյուրել է նաև Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:

Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ հայկական կողմն ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, սակայն դեռևս արձագանք չկա: «Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», - նշել էր նախարարը:

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 42 օր: Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։

  • Կիսվել: