շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Միքայել սրբազանին պետք է արագ ազատ արձակել. Մարուքյան

Միքայել սրբազանին պետք է արագ ազատ արձակել. Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Միքայել սրբազանին պետք է արագ ազատ արձակել: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում:

«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի նախաքննությունը ավարտվել է։

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:

Եվ քանի որ նախաքննությունը ավարտված է՝ Միքայել սրբազանին կալանքի տակ պահելու բոլոր արհեստական հիմքերը կարելի է սպառված համարել։ Եթե մինչ այդ ապօրինի արհեստական հիմքերով կալանքի տակ էին պահում, այս հաղորդագրությունից հետո անգամ այդ արհեստական հիմքերն են հօդս ցնդում:

Հետևաբար, նրա խափանման միջոցը պետք է անհապաղ փոփոխվի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է անմիջապես ազատ արձակվի և շարունակի իր հոգևոր ծառայությունն իրականացնել՝ ազատության մեջ մասնակցելով դատական նիստերին։

Եթե Միքայել սրբազանի կալանքը մինչ այս պահը 100 %-ով ապօրինի էր, ապա այս պահից սկսած նրան կալանքի տակ պահելը 200 %-ով է ապօրինի։

Առակս ինչ կցուցանե.

Միքայել սրբազանին պետք է արագ ազատ արձակել»,-նշել է Մարուքյանը:

  • Կիսվել: