ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացվել է․ փաստաբան

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացվել է․ փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը, տեղեկացնում է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս։

Ցանկացած փաստաբանի, դատախազի և քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի և Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին և կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով։

Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն։

Հ.Գ. Փորձեք այնպիսի «մեղադրանք» կարել, որ վաղը ձեզ դատարանում պաշտպանելու համար իմ հարգելի գործընկեր փաստաբանները չամաչեն», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: