ՄԻՊ-ը պետք է լինի հնարավորինս անաչառ. ՔՊ քարտուղարը դեմ է, որ պաշտոնում ընտրվի ընդդիմադիր գործիչ
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում չի տեսնում ընդդիմադիր գործչի, այս ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական գործընթացներից:
Հովհաննիսյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
«Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ ՄԻՊ-ը հանրության կամ քաղաքական ընդդիմության ավելի շատ վստահությունը վայելող անձ պետք է լինի: Դրա ամենավերջին օրինակը Վրաստանն է, երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դարձավ ՄԻՊ»,-ասաց Մինասյանը ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այդ հարցը քննարկման առարկա եղել է ՔՊ-ի մոտ:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ Անահիտ Մանասյանի անաչառությանն ինքը չի կասկածում: «Ինչ վերաբերում է օրինակին, որ ՄԻՊ ընտրվել է ընդդիմադիր խմբակցությունից, ես վստահ եմ, որ ՄԻՊ ինստիտուտը պետք է լինի հնարավորինս անաչառ և դուրս քաղաքական պրոցեսներից, չպետք է քաղաքականացված լինի»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ երբ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն էր քննարկվում, ընդդիմությունը կրկին խոսում էր նրա մասին, որ Գրիգորյանը Արդադատության նախարարությունից է գալիս, և կասկածի տակ էր դրվում անաչառությունը, սակայն նրա աշխատանքով հակառակն ապացուցվեց: Պատգամավորը վստահ է, որ նույնը լինելու է Մանասյանի դեպքում:
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված և ՄԻՊ ընտրված Քրիտիննե Գրիգորյանը ընտրվելուց կարճ ժամանակ անց հրաժարական տվեց, հետաքրքրեց, թե ինչո՞ւ է նա հրաժարական տվել և ո՞րն է երաշխիքը, որ ՔՊ-ի՝ ՄԻՊ նոր թեկնածու Անահիտ Մանասյանը նույնպես չի գնա այդ ճանապարհով:
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատեհ պահին դրա մասին հանրությունը պատշաճ կտեղեկացվի:



