ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինսկը Երևանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկո

Մինսկը Երևանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկո

Մինսկն ակնկալում է, որ Երևանի հետ կառուցողական երկխոսությունը կշարունակվի համապարփակ գործընկերության զարգացման նպատակով։ Այս մասին ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում։ Փաշինյանը նշում է ծննդյան օրը:
 
«Երկրի ղեկավարը նշել է, որ կառուցողական երկխոսության շարունակություն է ակնկալում` ուղղված բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում սերտ փոխգործակցությանը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությանը»,-նշված է Բելառուսի նախագահի կայքում հրապարակված ուղերձում:
Լուկաշենկոն համոզված է, որ Փաշինյանի կառավարման հարուստ փորձը, պետական խնդիրների լուծմանը նրա մասնագիտական մոտեցումը թույլ կտան հետագայում ևս հաջողությամբ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել նախանշված բոլոր նպատակներին` ի շահ հայ ժողովրդի:
 
Բելառուսի նախագահը Հայաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և համերաշխություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: