ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինսկի խումբը 30 տարի է՝ ջուր է ծեծում. Հրայր Ուլուբաբյան

Մինսկի խումբը 30 տարի է՝ ջուր է ծեծում. Հրայր Ուլուբաբյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Սումգայիթում իրականացված ցեղասպանությանն անդրադարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն ու «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի հեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը:

Ինչպես նշեց Մարիամ Ավագյանը՝ 1988 թ. փետրվարի 26-29-ը տեղ գտած սումգայիթյան իրողությանը պետական, քաղաքական, իրավական, բարոյական, հումանիտար գնահատական մինչ օրս տրված չէ: Նա նշեց, որ իրականում Սումգայիթի գործընթացները սկսվել են 1987-ի վերջին երկու ամիսների ընթացքում, երբ ադրբեջանական քաղտեխնոլոգները մի ամբողջ կեղծիքի մոդել պլանավորեցին, որը պիտի հիմնավորեր, թե ինչու տեղի ունեցան Սումգայիթի դեպքերը:

«Ադրբեջանում այսօր էլ պատրաստ են արմենոցիդի, Ադրբեջանը դա չի թաքցնում, Մյունխենում էլ մեզ անվանեց ագրեսոր, թշնամի և այլն»,-ասաց Ավագյանը:
Նա անդրադարձավ նաև Սումգայիթի ցեղասպանության զոհերի թվին՝ նշելով, որ պաշտոնապես հայտարարվում է 26 հոգի, մինչդեռ բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ զոհերը հազարից ավելի են:

«Քանի դեռ կան ականատեսները, մեր իշխանություններն ինչու՞ հանձն չեն առնում ստեղծելու տվյալների բազա»,-նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգողը:
Հրայր Ուլուբաբյանն էլ ասաց, որ 32 տարի է՝ անընդմեւջ կրկնում է նույնը, պատմում, բացատրում, թե ինչպես եղան Սումգայիթի դեպքերը, ինչպես Մոսկվայի կողմից կոծկվեց ամեն ինչ, սակայն ինչու՞ է Սումգայիթի երևույթը շարունակվում:

«Մի ամիս առաջ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի ժամանակ մեր ղեկավարներն ասացին՝ մենք այլևս նման բան պիտի թույլ չտանք. ինչպե՞ս պիտի թույլ չտանք, երբ 2016-ին նորից արեցին, ինչու՞ դեմն առնել չենք կարողանում»,-ասաց Ուլուբաբյանը:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել է 1918 թ. Ադրբեջանի ստեղծումով: Թուրքիան ստեղծեց Ադրբեջանը, որն իր «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագրի քայլերից մեկն է, Թուրքիան երբեք չի հրաժարվել դրանից, ամեն տարի թյուրքալեզու երկրների հավաքներն են տեղի ունենում, դա նշանակում է, որ ցեղասպանությունը ծրագրված էր, հայերի վերացումն այդ ծրագրի բաղադրիչներից մեկն է:

«Մինսկի խումբը 30 տարի է՝ ջուր է ծեծում»,-նշեց հրապարակախոսը: Նա ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն տարիներ առաջ մեր ղեկավարությանը պարտադրել է ընդունել երկու կետեր, որոնցից մենք այսօր պիտի հրաժարվենք: «Դրանցից առաջինն այն է, որ հաշվի չի առնվում պատմական գործոնը, և երկրորդը՝ հակամարտության սկիզբ են ընդունում 1991 թվականը»,-պարզաբանեց Ուլուբաբյանը: «Փաշինյանը պիտի Մինսկի խմբին ասի՝ դուք մեզ այդ կետերով փակուղի եք մտցրել, իսկ Ադրբեջանի հարցը պիտի դատարանում լուծվի»,-հավելեց նա:

Մարիամ Ավագյանն էլ նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է մադրիդյան սկզբունքները, առաջ քաշել նոր՝ մյունխենյան սկզբունքներ: Դրանք, ըստ նրա, հզոր են, սակայն հղկման կարիք ունեն: Ավագյանն ընդգծեց, որ Փաշինյանի թեզը, որի համաձայն՝ չկան տարածքներ, կա անվտանգություն, կարևոր էր այն տեսսնկյունից, որ անվտանգությունը հենց ցեղասպանության հարցն է: Նա շեշտեց նաև, որ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները մենք կարող ենք այսօր կանխարգելել ոչ թե ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով, այլ Կասպից արևմուտքում բնիկ ժողովուրդների իրավունքներն ու շահերը պաշտպանելով: Հենց այս տեսանկյունից էլ տիկին Ավագյանը բացատրեց վարչապետի այն թեզը, թե հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար: Ադրբեջանահայ փախստականների համագումարի համակարգողի կարծիքով՝ Փաշինյանը նկատի ուներ նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ բնիկ ժողովուրդներին, որոնց իրավունքներին, Ավագյանի խոսքով, պետք է տեր կանգնել:

  • Կիսվել: