չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

 Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս» խորագրով ուղիղ եթերում: 

«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի: Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք»,- ասաց վարչապետը։

 Փաշինյանը նաև կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց։ «Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել»,-հորդորեց նա։

Իր խոսքում նա շեշտեց, որ կորոնավիրուսի  կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է․ «Այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն, եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ է միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: