երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մինչև երեկո էլ հարց տաք ԱՆ նախարարի պաշտոնի թեկնածու լինելու մասին, չեմ պատասխանելու. Սուրեն Գրիգորյան

Մինչև երեկո էլ հարց տաք ԱՆ նախարարի պաշտոնի թեկնածու լինելու մասին, չեմ պատասխանելու. Սուրեն Գրիգորյան

Երեկ ինձանից այս թեմայով կրկին մեկնաբանություն են խնդրել, ես ասել եմ, որ այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերին:

«Երեկվանից մինչև այսօր բան չի փոխվել, այսպես եմ որոշել՝ մեկնաբանություն չեմ տալիս: Մյուս թեկնածուների առումով չեմ կարող որևէ բան ասել, ով ոնց ճիշտ է գտնում, այդպես մեկնաբանություն կամ տալիս է, կամ չի տալիս:

Ես ձեզ հավատացնում եմ, եթե մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ, որ մեկնաբանություն չեմ տալիս: Ասեմ ավելին՝ վարչության քննարկումների, վարչապետի որոշումների ու մյուս հանգամանքների մասին կան տեղեկացման պաշտոնական խողովակներ, որոնք այնպես չէ, որ չեն աշխատում, որ պետք է փոխարինվեն իմ մեկնաբանությամբ»,- ասաց նա:

Լրագրողներն, այնուամենայնիվ,  հետաքրքրվեցին, թե հնարավոր համարո՞ւմ է քաղաքային իշխանությունից գործադիր մարմին տեղափոխվելը, Գրիգորյանն ասաց.

«Ոնց ասեմ, որ այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս, որ էլ հարց չտաք»:

Նշենք, որ արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածուների շարքում նշվում են Սուրեն Գրիգորյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի անունները:

  • Կիսվել: