չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մինչև 2028 թ. մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ. վարչապետին է ներկայացվել ԲՏԱ նախարարության 2022-ի գործունեության հաշվետվությունը

Մինչև 2028 թ. մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ. վարչապետին է ներկայացվել ԲՏԱ նախարարության 2022-ի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկում:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկման սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախարարությունների և գերատեսչությունների 2022 թ. գործունեության արդյունքներն ամփոփելու շրջանակում այսօր մենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ենք: Ճիշտ է, տարին օրացուցային դեռ չի ավարտվել, բայց, ըստ էության, մենք այսօր կարող ենք ամփոփել արդյունքները, որովհետև այն՝ ինչ պետք է առաջիկա ամսվա ընթացքում տեղի ունենա, արդեն պետք է պլանավորված և ընթացքի մեջ լինի»:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախ ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել տարբեր ոլորտները համակարգող փոխնախարարներին:

Այնուհետև անդրադարձ է կատարվել գլոբալ ինովացիոն ցուցիչով Հայաստանի վարկանիշին, արձանագրված դրական և բացասական ցուցանիշներին:

Հաջորդիվ ներկայացվել է ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, մասնավորապես՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որի շրջանակում լավագույն նախագծեր ներկայացրած նորաստեղծ ընկերություններին պետության կողմից տրամադրվում են դրամաշնորհներ, օժանդակություն է ցուցաբերվում վերջիններիս հետագա գործունեությանն ու շուկա մուտք գործելուն:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել վերջինիս արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկել հետևողական քայլեր՝ ընդգծելով բյուջեի կատարողականի բարձր մակարդակի ապահովման, հանրության շրջանում ծրագրի վերաբերյալ առավել լայն իրազեկում իրականացնելու և շահառուների ցանկն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ:

Զեկուցվել է, որ ՏՏ մի շարք ընկերություններ բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացիկ տարում ներգրավվել են միջին և բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակիցների: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի:

Օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Հայփոստի» գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նոր բաժանմունքների ստեղծմանը:

Հեռահաղորդակցության և կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետև անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանի տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախատեսվում է մինչև 2026 թվականը մեր երկրի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն:

Վարչապետին զեկուցվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը: Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ:

Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:
Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբեռանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:

  • Կիսվել: