հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել՝ երևի, որ տրամադրությունները չընկնի: Եվ այդ փաստը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացի հետ գրեթե միաժամանակ Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և Մադրիդյան սկզբունքներում»:

Միրզոյւանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, իսկ ինքնորոշման իրավունքն ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում:

Նախարարն ասաց, որ Ալմաթայի հռչակագրին համահունչ տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքն արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններում, այդ թվում՝ 2022թ Պրահայի քառակողմ հայտարարության մեջ:

Նույն սկզբունքն արտահայտված է նաև 2024թ օգոստոսի 30–ին ստորագրված և ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ:

«Այդ նույն սկզբունքն արտահայտված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում»,-ասաց Արարատ Միրզոյանը:

  • Կիսվել: