ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոսի դեսպանին

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջև ձևավորված միջպետական և բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևի միաձայն ընդունման համար:

Հանդիպմանն ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների դերը՝ կարեւորելով օրեր առաջ ՀՀ ԱԺ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս: Բարձր է գնահատվել միջազգային տարբեր կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում բարեկամ երկրների պատվիրակությունների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցությունն ու փոխաջակցությունը: «Կիպրոս կատարած իմ պաշտոնական այցից մի միտք է տպավորվել, երբ գործընկերներս ասացին, որ Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը եւս պատրաստ է աջակցել Կիպրոսին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2023 թվականի ընթացքում Կիպրոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու կառավարության որոշմանը: Այս համատեքստում խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձության սկզբունքով Կիպրոսը Հայաստանում նույնպես ներկայացուցչություն կբացի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին՝ հույս հայտնելով, որ նրան շուտով կհյուրընկալի Հայաստանում:

  • Կիսվել: