չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը

Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման: Այդ մասին տեղեկացնում են Ազգային Ժողովից:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակում:

«Գումմա պրեֆեկտուրայի հարգարժան նահանգապետ պարոն Իչիտա Յամամոտո,

Ճապոնիայի Պատգամավորների պալատի հարգարժան անդամ պարոն Տարո Կոնո,

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայկական բարեգործական ընդհանուր միության hարգարժան նախագահ, Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի հիմնադիր պարոն Սեմ Սիմոնյան, տիկին Սիմոնյան,

հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ է ինձ համար այսօր հանդես գալ ձեր առաջ և ազդարարել Ասիայում առաջին Թումո կենտրոնի բացումն այստեղ՝ Ճապոնիայի սրտում, Տակասակի քաղաքում:

Թումո Գունմա կենտրոնի բացումը, միանշանակ, արտահայտում է ոչ միայն մեր համատեղ հանձնառությունը՝ ուղղված երիտասարդությանը և նորարարությանը, այլև վկայում է այն մշակութային և մտավոր փոխանակման ոգու մասին, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հիմնասյուներից մեկը: Մեր ժողովուրդները, գտնվելով աշխարհագրորեն հեռու միմյանցից, միևնույն ժամանակ միավորված են համընդհանուր արժեքներով՝ ժողովրդավարության, դիմացկունության, գիտելիքի և մշակութային ժառանգության խորին հարգանքի հանդեպ:

Թումո Գունման շուտով կընդունի շուրջ 1500 պատանի ամբողջ պրեֆեկտուրայից՝ դառնալով երկկողմանի համագործակցության և նորարարության ոգեշնչման հարթակ Հայաստանի և Ճապոնիայի միջև:

Հուսով եմ, որ սա ընդամենը սկիզբն է: Այն մաս է կազմում մեր ընդարձակ տեսլականի՝ Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու Ճապոնիայի այլ քաղաքներում ևս՝ առավել շատ երիտասարդների հնարավորություն ընձեռելով ընդգրկվելու այս արդիական և դինամիկ կրթական մոդելի շրջանակում:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ճապոնացի գործընկերներին վստահության, աջակցության և բարեկամության համար, ինչպես նաև մեր գործընկերներին՝ Թումոյում ցուցաբերած ջանքերի և արդյունավետ համագործակցության համար:

Մենք միասին կառուցում ենք մի կամուրջ, որը միավորում է ոչ միայն Հայաստանը և Ճապոնիան, այլ նաև անցյալն ու ապագան: Թող այս կենտրոնը գալիք սերունդների համար դառնա ստեղծարարության և համագործակցության աղբյուր:

Շնորհակալություն»:

  • Կիսվել: