հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար․ Մակրոն

Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար․ Մակրոն

Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նկատի ունենալով ՀՀ-ին սպառազինության վաճառքը:

Ֆրանսիայի նախագահն այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:

«Եթե ​​նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց», - ասել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ Փաշինյանից երբևէ չի լսել պատերազմի կամ ագրեսիայի վերաբերյալ որևէ մտադրություն:

Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ նորմալ է, երբ Փարիզը պարզապես պատասխանում է ինքնիշխան երկրի՝ Հայաստանի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից:

«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագիրը, ապա մենք կաջակցենք նման համաձայնագրին», - ընդգծել է Մակրոնը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մասին:

  • Կիսվել: