Միանանք, հզորանանք, որ հաղթե´նք. «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»
«Հայաքվե»-ն եւ «Ուժեղ Հայաստան»-ը կմիավորեն իրենց նախընտրական ծրագրերը, որպեսզի միասնական, ընդհանուր ծրագրով հանդես գան նախընտրական քարոզարշավին: Այս մասին հայտարարել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա հնարավորություն կտա ընդհանուր թեզերով,ընդհանուր ծրագրերով ներկայանալ մեր ընտրողին, իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրինականության վերահսկողությանը, այստեղ մենք եւս ունենք մեծ փորձառություն, եւ այդ փորձառությունը կներդնենք նրան, որ մեր ընտրողը վստահ լինի, որ իր ձայնը չի կորելու, չի գողացվելու, պաշտպանվելու է եւ ի վերջո վերածվելու է ընտրական արդյունքի:
Մենք այս ընտրություններին վերաբերում ենք ոչ թե շարքային ընտրություններ, այլ հանրաքվե Հայաստանի ապագայի վերաբերյալ, ուստի հանրաքվեի տեսանկյունից մենք որոշել ենք լինել Հայաստանի թեւում: Մեր հիմնական նպատակն այն է, որ այս ընտրությունների արդյունքում այս վարչախումբը հեռանա եւ մենք նպաստենք նոր իշխանության ձեւավորմանը: Դրանից հետո մենք մեր սեփական քաղաքական հավակնությունների մասին կմտածենք»:


