Մի մասը մեղադրում է, ու Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը՝ որ նրա նկատմամբ քրգործեր կան. Ալեքսանյան
Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում քաղաքական դաշտը առողջացնել. Քաղաքական դաշտը այնպիսին է, ինչպիսին կա ու դրա դեմ իշխանությունը ոչինչ անել չի կարող: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա հերքեց պնդումը, թե դա ՔՊ-ին ձեռնտու է. «Ինչո՞վ է ձեռնտու, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է, դա մեզ ձեռնտո՞ւ է»:
Լրագրողները հիշեցրին, որ Ալեն Սիմոնյանը բազմիցս հայտարարել է, որ այս ընդդիմությունը իրենց ձեռնտու է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է, իրենք ուրախանում են, քանի որ ՔՊ-ի վարկանիշը բարձրանում է: Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Դա էլ Ռոբերտ Քոչարյանի մասին է շատ բան ասում, ոչ թե մեր:
Մեր քաղաքական ուժերի մի մասը մեզ մեղադրում է նրա մեջ, որ Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը մեղադրում է նրանում, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Իրականությունն այն է, որ ում նկատմամբ կա քրեական գործ, ուրեմն դատաիրավական համակարգը գտել է, որ պետք է դրանք լինեն: Քաղաքական ուժը դրա վրա ոչ մի ազդեցություն չունի»: