հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մի գրառման մեջ հայհոյախառը բառապաշար կար իմ մասին՝ կոչ եմ անում անգամ ատելությանն ատելությամբ, զզվանքին զզվանքով չպատասխանել․ Փաշինյան

Մի գրառման մեջ հայհոյախառը բառապաշար կար իմ մասին՝ կոչ եմ անում անգամ ատելությանն ատելությամբ, զզվանքին զզվանքով չպատասխանել․ Փաշինյան

Քաղաքականությունն այնպիսի բան է, որ բանավեճը, խոսակցությունը սրվում է, Սակայն դրա ավարտվելուց հետո մենք պետք է վերադառնանք մեր նախնական վիճակին, քաղաքական և քաղաքացիական համակեցության վիճակին: Այս մասին Տեղ գյուղում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես վերջերս մի գրառում կարդացի, որի մեջ հայհոյախառը կամ դրան մոտիկ, վիրավորական բառապաշար կար իմ մասին: Սակայն այդ գրառման բովանդակությունն ինձ մտահոգեց: Խոսքը նրա մասին էր, որ քաղաքական բանավեճերից հետո պատահում է, որ փողոցում մեր ընդդիմադիրներին կանգնեցնում են և որոշակի վերապահումներ ներկայացնում: Ընդհուպ տհաճ խոսակցություն է տեղի ունենում: Դա ինձ մտահոգում է: Դա հաջորդ խնդիրն է, որը մենք այս հանրաքվեի արդյունքներով պետք է լուծենք: Վիրավորանքը տեղ չպետք է ունենա մեր փոխհարաբերությունների մեջ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իրենք էլ երբեմն երևի ավելի էմոցիոնալ են դառնում, քան՝ պետք է.

«Ես դա վատ բան չեմ համարում: Այո մենք պետք է նաև էմոցիաներով շփվենք: Սակայն դրանք չպետք է դառնան փոխադարձ ատելություն, մարդկանց յուրայինների և օտարների բաժանելու գործընթաց, դրանք չպետք է վատթարացնեն մթնոլորտը: Հայաստանում առողջ մթնոլորտ պետք է լինի: Մենք պետք է որդեգրենք բանավեճի կուլտուրան: Բանավեճից հետո մենք պետք է ժպտանք իրար, այն չպետք է տարածվի մեր կյանքի վրա: Մենք՝ բոլորս, ՀՀ հպարտ քաղաքացիներ ենք: Մեզ միավորում է քաղաքացիությունը, հայրենիքը, որը մենք չենք կարող իրար մեջ բաժանել։ Բանավեճից հետո ինձ մոտ անձնական վերաբերմունք չի մնում: Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչներից ոմանց ելությները կարող են ձեզ դուր գալ կամ չգալ, սակայն էմոցիաները չպետք է տեղափոխել բանավեճից դուրս:

Ես մեր կողմնակիցներին կոչ եմ անում անգամ ատելությանն ատելությամբ, զզվանքին զզվանքով չպատասխանել: Մենք սիրո ու համերաշխության Հայաստանում ենք ապրում: Այո, մեզ կարող են ատել, բայց դրան ատելությամբ չպետք է պատասխանենք: Պետք է պատասխանենք սիրով: Ես ուզում եմ, որ այս հանրաքվեի արդյունքում այս լարվածությունը մեր հանրապետությունից թոթափվի: Ես հույս ունեմ, որ այս 1,5 տարվա գուցե նաև մեր մեղքով կուտակված նեգատիվը կպարպվի, կգնա: Մենք թեման ավարտած կհամարենք»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: