շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նոյեմբերի 11-ին հանդիպում ունեցավ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, որի ընթացքում անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի լարման, մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգների խնդրին։

Այս մասին Primenews.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային կոտորածների վտանգը։

Ադամա Դիենգի ուշադրությունը հրավիրելով Սիրիայի Քամիշլի քաղաքի հայ հոգևորականներ Հովսեփ և Աբրահամ Պետոյանների սպանությանը` Մհեր Մարգարյանը դատապարտեց այդ ոճրագործությունը՝ որպես կրոնական և ազգային պատկանելության վրա հիմնված հանցանք։ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն իր ցավակցությունները հայտնեց հայ հոգևորականների սպանության կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այլատյացության հողի վրա հանցանքների, զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը։

  • Կիսվել: