չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեզ մենակ թողեցին. Հայաստանում ժողովրդավարությունը շարունակում է ներքին ու արտաքին հարվածներ ստանալ. Փաշինյան

Մեզ մենակ թողեցին. Հայաստանում ժողովրդավարությունը շարունակում է ներքին ու արտաքին հարվածներ ստանալ. Փաշինյան

Չնայած նրան, որ 44-օրյա պատերազմից հետո մենք խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն, պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը՝ ՔՊ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց եւ այդ նպատակով ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ խորհրդարանի արձակումից 2 օր անց՝ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանի զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը սահմանագծի մոտ 100 կմ-անոց հատվածում՝ մինչեւ 4 կմ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը. «Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին:

Խորհրդարանական ընտրություններից առաջ այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելը եւ Հայաստանի պետությունը, պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձեւավորելը: Բայց ահա այս միջավայրում Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել ՀՀ ինքնիշխանության, անկախության եւ ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Կազմակերպվեցին այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ եւ մրակցային:

ՀՀ  պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին  ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը: Սա է 2018-ի ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից առաջ եւ հետո գոյություն ունեցած Հայաստանի առանցքային տարբերությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի, որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել. «Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին Հայաստանում: Բայց ժողովրդավարությունը Հայաստանում ստացել ու շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով: Արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում ՀՀ դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը, Հայաստանի ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը տապալելու նպատակով փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով, ներքին անկայունություն հրահրելով` ուղղորդված արտաքին ուժերի կողմից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: