չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մեզ Կիրանց թողած ոստիկանների պարգևավճարները կտրել են. Բագրատ Սրբազան

Մեզ Կիրանց թողած ոստիկանների պարգևավճարները կտրել են. Բագրատ Սրբազան

Տեղեկություններ ունենք, որ վերջերս Կիրանցում մեզ գյուղ թողած ոստիկանների պարգևավճարները կտրել են, ասել են՝ ինչի՞ եք թողել, որ մտնեն: Այս մասին այսօր ՆԳՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ այդ մասին մի քանի տարբեր աղբյուրներից է տեղեկացել:

«Մեր ոստիկանության ներքին շարքերում հիմնականում նորմալ մարդիկ են: Ցավ ունեցող, հոգի ունեցող մարդիկ են, որոնց ևս անիրավ կերպով ճնշում են ՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական իմաստով»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Սարդարապատի համալիրում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե Հայաստանում երկիշխանություն է, Բագրատ Սրբազանն ասաց.

«Հայաստանում ոչ թե երկիշխանություն է, այլ իշխանություն չկա: Կան չորսոտանի աթոռի վրա նստած մարդիկ, մարդիկ, որոնք մարմիններն են մեծացրել, մարդիկ, որոնք տղամարդկություն չունեն: Մենք ուղղակի քայլ առ քայլ արձանագրում ենք այդ ամենը: Մենք օր օրի հասնում ենք նրան, որ իրենք ռիսկ չունենան երևալու ժողովրդի մեջ: Էս ոստիկանական շարքերը, պատնեշները, էս տղերքին ամեն անգամ խմբերով տեսնում ենք ինչ-որ տեղերում: Հիմա գնացե՛ք ազգային ժողով, տեսե՛ք քանի հազար ոստիկան կա հավաքված: Սա հեծանիվով ման եկող մարդու համար նորմա՞լ է»:

«Մարդիկ հազիվ ծայրը ծայրին հասցնում են, բայց հարկերը վճարում են, ու դա գնում ա քո որովայնը: Դու դրա համար պատասխան պիտի տաս: Հիմա եթե մարդկանց ասում ես դուրս չեմ գալիս, թաքնվել ես պատերի ներսում ու ոստիկանական շարքերի հետևում, նշանակում է՝ դու արդեն փչացել ես, քեզ պիտի բանի տեղ չդնեն»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով Վահե Ղազարյանին:

 

  • Կիսվել: