շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեզ հուզող հարցերի հարցը պետք է լինի՝ ի՞նչ միջազգային տրամաբանություն կձևավորվի Լաչինի միջանցքի շուրջ․ Բաբաջանյան

Մեզ հուզող հարցերի հարցը պետք է լինի՝ ի՞նչ միջազգային տրամաբանություն կձևավորվի Լաչինի միջանցքի շուրջ․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հանդես է եկել  հայտարարությամբ, որում, մասնավորապես նշվում է․

«ՄԱԿ ԱԽ-ի քննարկման բոլոր մասնակիցների՝ Լաչինի միջանցքը բացելու կոչից անդին պետք է տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա այդ կոչը Ադրբեջանի վրա: Այսօր, ի դեպ, գուցե ընդունվի հայտարարություն, որի բովանդակությունն ու շեշտադրումները չափազանց էական են, և որը Ֆրանսիայի առաջարկով պետք է քննարկի Անվտանգության խորհուրդը:

Որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանը շատ լավ հասկացել և հաշվարկել է դեպքերի հենց նման զարգացումը: Դժվար է պատկերացնել, որ աշխարհում կարող էր գտնվել գեթ մեկ ողջամիտ երկիր, որը կարող էր ստեղծված ճգնաժամային իրավիճակում այլ դիրքորոշմամբ հանդես գալ:

Հարցը նրանում է, որ ՄԱԿ ԱԽ անդամները թեև կոչ են անում անհապաղ Ադրբեջանին բացել միջանցքը, այդուհանդերձ իրական քաղաքական գետնի վրա ներկայումս աշխարհաքաղաքական մեծ դիմակայության մասնակիցներ են իրենց տարբեր շահերով, տարբեր մղումներով և հետաքրքրություններով, որոնք ուղղակի արտահայտվում են ոչ միայն անմիջականորեն հարավկովկասյան տարածաշրջանում, այլև հայ-ադրբեջանական հակամարտությունում և արցախյան խնդրում:

Այդ իմաստով, Ադրբեջանը թերևս հենց տվյալ իրողությունների հաշվարկով է նաև, որ գնացել է միջանցքը փակելու և Արցախը շրջափակելու քայլին, և այստեղ է ամբողջ հարցը, թե ի՞նչ է կատարվել ու կատարվում իրական գետնի վրա, որտեղ փաստացի համաշխարհային պատերազմ է և որտեղ շոշափվում են բոլորովին այլ շահեր ու տրամաբանություն: Հետևաբար, այստեղ մեզ հուզող հարցերի հարցը պետք է լինի ոչ միայն «կբացվի, թե ոչ» շեշտադրումը, այլ ի՞նչ միջազգային տրամաբանություն կձևավորվի Լաչինի միջանցքի շուրջ և Բաքվին արդյո՞ք կհաջողվի ձևավորել հենց «միայն մարդասիրական» նշանակության հիմք»:

  • Կիսվել: