Մեզ համար որեւէ նշանակություն չունի մյուս կողմը երբ, ինչպես պիտի իր ընթացակարգերն իրականացնի. Վահե Գրիգորյան
Մեզ համար որեւէ նշանակություն չունի մյուս կողմը երբ, ինչպես պիտի իր ընթացակարգերն իրականացնի. Կառավարությունը դիմել է ՍԴ՝ կոնկրետ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը որոշելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է ճիշտ, որ այսօր ՍԴ-ն քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը, երբ Ադրբեջանն անգամ չի էլ հրապարակել այն:
Նա հավելեց, որ ինքը զեկուցող դատավորներից է, մինչև որոշում կայացնելը կարծիք չի կարող արտահայտել կանոնակարգի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը։
Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։
Սեպտեմբերի 5–ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։