երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
«Մեծամասնություն» ունեցող իշխանությունը իր անօրինական քայլերով փորձում է պահպանել իշխանությունը Փարաքարում․ «Ապրելու երկիր»

«Մեծամասնություն» ունեցող իշխանությունը իր անօրինական քայլերով փորձում է պահպանել իշխանությունը Փարաքարում․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու  պահանջին միացել է Փարաքար համայնքի 5944 բնակիչ, որը կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 60 տոկոսը։

Բոլոր ստորագրությունները փոխանցվել են կառավարության աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

«Ապրելու երկիր» խմբակցությունը, հիմք ընդունելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի պահանջները, դիմել է վարչական դատարան՝պարտավորեցնելու կառավարությանը՝ կայացնել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում։

Հատկանշական է, որ կառավարությունը նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Փաստորեն կառավարությունը օրենքը կիրառում և իր պարտականությունները կատարում է ընտրողաբար՝ ելնելով իշխող կուսակցության քաղաքական շահերից։

Ակնհայտ է, որ համայնքում «մեծամասնություն» ունեցող իշխանությունը գիտակցում է արտահերթ ընտրություններում իր ակնհայտ պարտությունը և իր անօրինական քայլերով փորձում է պահպանել իշխանությունը Փարաքար համայնքում՝ վնասելով համայնքի շահերը։

Մենք հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին»։

  • Կիսվել: