Մեծ պատասխանատվությամբ եմ մասնակցել ընտրություններին. «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու
Արաբկիրի 4/30 ընտրատեղամասում քվեարկել է «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը: Նա հայտարարել է, որ մեծ պատասխանատվությամբ է մասնակցել ընտրություններին, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա ստեղծագործել խաղաղ ու անվտանգ քաղաքում:
Նելլի Հարությունյանը նաև կարևորել է ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը. «Վստահ եմ, որ նաև իմ մասնակցությամբ ընտրողների այն զանգվածը, որն անտարբեր, հիասթափված է, ևս կմասնակցի ընտրություններին՝ դրանով իսկ պարտադրելով իր կամքը, դրանով իսկ թելադրելով առավել առաջադիմական ծրագրերի ի կատար ածում և վերահսկողություն տրված խոստումների կատարման նկատմամբ»:
Նելլի Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ ավագանու անդամ ընտրվելու պարագայում պատրաստ է շարունակել գործունեությունը այդ կարգավիճակով, ազդել որոշումների կայացման վրա և նպաստել ազգանվեր, հայրենանպաստ, ինչպես նաև երևանցու շահերից բխող որոշումների իրականացմանը: