Մեծ մարտահրավերների ու փոքր մարդկանց ժամանակներ էին, որոնց օղակը քաշած նռնակը պայթեց մեր ձեռքին 2020-ին. Արեն Մկրտչյան
Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը իր ելույթի շրջանակում անդրադարձավ ընդդիմության այն հարցադրմանը, թե ինչ է ՀՀ իշխանությունը բանակցում խաղաղության պայմանագրի շրջանակում, և թե ինչն է ինչի դիմաց տալու:
Այս համատեքստում Արեն Մկրտչյանը հիշեց նախորդ իշխանությունների ղեկավարման տարիներին «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակում ՀՀ-ի կորցրածը:
«2002 թվականի նոյմեբերին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք (ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը), 95 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին տրվեց Հրազդանի ՋԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը՝ 7 ՀԷԿ-երով, «Մարս» գործարանը, Ավտոմատացված համակարգերի ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, 2006-ին՝ ՀԷՑ-ը, 2008-ին՝ երկաթուղին շարժակազմով, հայ-իրանական գազատարը: Հայգազը դարձրիք «Գազպրոմ Արմենիա», թոկը գցեցիք երկրի վիզը,- թվարկեց պատգամավորը և հավելեց.- մեծ մարտահրավերների ու փոքր մարդկանց ժամանակներ էին, որոնց օղակը քաշած նռնակը պայթեց մեր ձեռքին 2020-ին»: