Մեր ընդդիմադիր հատվածի նման գործելակերպը նույնիսկ արդեն ամոթի հարց չէ, այլ ավելի շատ ազգային անվտանգության. Խանդանյանը փակագծեր բացեց
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ելույթում անդրադարձավ հարցի, որը վերջին շաբաթվա ընթացքում լրատվական-քաղաքական դաշտում, նրա խոսքով, դարձել է քննարկումների առարկա:
Խանդանյանի խոսքով՝ բոլորը, անշուշտ, գիտեն՝ ինչ է իսպանական ամոթը, սակայն մեկ այլ բան է իսպանական ամոթը Իսպանիայում:
Նա հիշեցրեց՝ նախորդ շաբաթ իսպանական Վալենսիայում տեղի էր ունենում Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարը, որին Եվրանեսթ խորհրդարանական պատվիրակության կազմում հրավիրված էին մասնակցելու ինքը և պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«ԵԺԿ-ն Հայաստանում ունի երկու ասոցացված դիտորդ անդամներ՝ ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, որոնց ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին այդ կոնգրեսին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշում եք՝ այդպիսի քաղաքական գործիչ կար, որը 2013-ին Սերժ Սարգսյանի հիմնական քաղաքական մրցակիցն էր, հետո հանուն Սերժ Սարգսյանի աղոթեց Ծիծեռնակաբերդում Վովա Գասպարյանի հետ, հետո 2017-ին Քոչարյանի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դաշնակիցն էր:
Այդ քաղաքական գործիչը կա և ներկայացնում էր իրենց կուսակցությունը այդ համագումարին»,- հայտնեց Խանդանյանը:
Նրա խոսքով՝ համագումարին մեկնելուց առաջ իրենք իմացել են, որ եվրոպական խորհրդարանի մի քանի պատգամավոր որոշել են Հայաստանի վերաբերյալ բանաձև ներկայացնել համագումարի դատին և որի տեքստին ծանոթացել են մեկնելուց առաջ:
«Բավականին լավ բանաձև էր: Իհարկե, մենք չէինք կարող որևէ կերպ դեմ լինել նման բանաձևի ընդունմանը, մասնավորապես, բանաձևը խոսում էր Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության բնագավառում բարեփոխումների, ԵՄ-ի հետ մերձեցման մասին, ՍԵՊԱ-ի կիրարկման առաջընթացի մասին էր խոսվում, աջակցում էր Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների հաստատմանը, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, կոչ էր անում ազատ արձակել գերիներին, նաև խոսվում էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ որպես խաղաղության համար լավ երաշխիքի:
Ահա այսպիսի բանաձև, որը դրական լույսի ներքո էր ներկայացնում ՀՀ-ն, բայց հասնելով Վալենսիա և մասնակցելով կոնգրեսին՝ մեր եվրոպացի գործընկերները տարակուսած մեզ մոտենում և ասում էին՝ ձեր հայ գործընկերները ցանկանում են, որ բանաձևը դուրս բերվի այս համաժողովի օրակարգից:
Ահա այս պահին առաջ է գալիս այդ իսպանական ամոթը: Իսկապես, մենք տարակուսած էինք, որ նույնիսկ այդպիսի հարթակներում Հայաստանի ընդդիմությունը կարող է նման կերպ հանդես տալ»,- տեղեկացրեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այդ քննարկումը, ցավոք, փակ է եղել, և ինքը հնարավորություն չունի ցիտելու՝ ինչեր են խոսել Րաֆֆի Հովհաննիսյանը և Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ «դա խայտառակություն էր»:
«Նրանք ուղղակիորեն պայքարում էին ՀՀ շահերի և ՀՀ-ի դեմ»,- հավելեց Խանդանյանը՝ տեղեկացնելով, որ բանաձևը, այնուամենայնիվ, մտել է ԵԺԿ համագումարի օրակարգ, և հետո գրեթե միաձայն, առանց դեմ քվեարկության, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԵԺԿ-ն ընդունեց այն:
Խանդանյանը հայտնեց՝ եվրոպացի գործընկերներն իրենց հայտնել են, որ հայ գործընկերները մոտեցել և խնդրել են դեմ քվեարկել բանաձևին, սակայն, ըստ երևույթին, չեն կարողացել որևէ մեկին համոզել դեմ քվեարկել:
«Հիմա ամբողջ Հանրապետական կուսակցությունով, Հայկ Մամիջանյանով, Արմեն Աշոտյանով, մերժված Սերժ Սարգսյանով լծվել են այդ բանաձևը դատապարտելու գործընթացին, ասում են՝ այդ բանաձևը գրվել է ՔՊ գրասենյակներում: Շատ տարակուսելի է այդ պնդումը»,- հավելեց Խանդանյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե իրենց հաջողվել է փոխել բանաձևի տեքստը, նկատեց՝ նրանց հաջողվել է փոխել հայտարարության տեքստը՝ հաջողվել է տեքստից դուրս բերել մեկ նախադասություն, որի մեջ ասվում էր, որ ԵԺԿ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
«Սա իսկապես նրանց հաջողվեց»,- ավելացրեց նա՝ հայտնելով, որ նրանց հաջողվել է մի հղում բերել այդ բանաձևի տեքստ, որտեղ եղել է «Արմեն Աշոտյան» բառակապակցությունը:
Խանդանյանի խոսքով՝ մեր ընդդիմադիր հատվածի նման գործելակերպը նույնիսկ արդեն ամոթի հարց չէ, այլ ավելի շատ՝ ազգային անվտանգության:
Հիշեցնենք՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ-EPP) կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև էր ընդունել: