չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Մեր ռազմավարական համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը․ Հայաստանն օրինակ է աշխարհի համար. ԱՄՆ դեսպան

Մեր ռազմավարական համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը․ Հայաստանն օրինակ է աշխարհի համար. ԱՄՆ դեսպան

Ուզում եմ գնահատել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ժողովրդավարության տարածման տեսանկյունից: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ում խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դեր է խաղացել այս հարցում։

«Քաղաքացիական հասարակության խմբերն ապահովել են, որպեսզի օրենքի գերակայությունը կիրառելի լինի բոլորի հանդեպ: Այս տեսանկյունից շատ կարեւոր է դիտավորյալ եւ ոչ դիտավորյալ ապատեղեկատվության հաղթահարումը»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը, բայց հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային։

«Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է  աշխարհի համար, որ հնարավոր է ժողովրդավար աշխատել և դրանք իրար չեն հակասում։ ԱՄՆ-ն  հպարտ է, որ այս ամենին աջակցում է էներգետիկայի, առևտրի և այլ որորտներում ևս»,-ասաց նա։

Քրիստինա Քվինը նշեց, որ գալիք տարիներին իրենք նպատակադրված են  թարմացնել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը. «Այն դառնալու է  ռազմավարական գործընկերություն՝ ապահովելու ավելի արդյունավետ համագործակցություն։  Հուսով եմ, որ այս համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը։ Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Հետևաբար, ԱՄՆ-ն աջակցում է  ՀՀ-ին՝  պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխում իրականացնելու հարցում և արդար ընտրությունների կայացման հարցում։ Նաև աշխատում ենք մեդիա ազատության ապահովման համար, որպեսզի խոսքի ազատության իրավունքները պահպանված լինեն»,-ասաց նա։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշեց, որ այնպես չի, որ ուզում են ՀՀ-ն կատարյալ լինի. «ԱՄՆ-ն էլ կատարյալ չի մարդու իրավունքների ճանաչման գործում: Ժողովրդավարությունը շարունակական հանձնառություն է պահանջում և մեր երկրի, և ձեր երկրի համար, շարունակում ենք աշխատել միմյանց հետ, որ ստեղծենք մի աշխարհ, որտեղ ժողովրդավարությունը զարգանում է:

Հուսով եմ, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումը, որը 3-րդն է, եւս կճանաչի Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ապահովման հարցում,-ասաց դեսպանը։

  • Կիսվել: