հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր ռազմավարական դաշնակցի կողմից ադեկվատ ռեակցիայի ականատես չենք լինում․ Աղաջանյան

Մեր ռազմավարական դաշնակցի կողմից ադեկվատ ռեակցիայի ականատես չենք լինում․ Աղաջանյան

Հայաստանը երկրորդ անգամ գրավոր չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուրադ Աղաջանյանը։

Ի պատասխան ՍիվիլՆեթի այն դիտարկմանը, որ հայ- ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերից հետո նոյմբերի 17-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները կոշտ էին արտահայտվում Ռուսաստանի հասցեին՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է կատարի  պարտավորությունները, հակառակ դեպքում կարող են ի հայտ գալ նոր դաշնակիցներ՝ Աղաջանյանը պատասխանեց, որ «իրենք չեն խոսում դաշնակիցների այլընտրանքի մասին, իրենք խոսում են գործող ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ու խնդիրների մասին»։

«Սա մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների կարծիքը չէ, սա, ըստ էության, այն անհանգստությունն է, որը կա և տարածված է մեր հանրային լայն շերտերի մոտ։ Հանրությունում հարցեր են ձևավորվում, առավել ևս ռազմական էսկալացիաների և սադրանքների ֆոնին, թե այս պարագայում ո՞ւր է մեր դաշնակիցը, ինչո՞ւ մենք  ադեկվատ ռեակցիայի ականատես չենք լինում մեր ռազմավարական դաշնակցի կողմից»,- ասաց Աղաջանյանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝  համապատասխան ուղղություններով  օգնության տրամադրման համար 2020-ի մայիսի 14-ին գրավոր դիմում ներկայացվել է թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛  Ռուսաստանին, բայց  դրան հետևած գործողությունները  չեն համապատասխանել  այն ակնկալիքներին, որոնք եղել են։ 

«Ցավոք՝ չենք ստանում այն ադեկվատ արձագանքը, որը կուզեինք։ Հարկ եղած դեպքում ես կարծում եմ, որ կառավարությունը ևս մեկ դիմում կամ մեկական դիմում պետք է ուղարկի համապատասխան  կողմերին։ Հայաստանի կառավարության դիրքորոշումը միանշանակ է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանի այն առաքելությանը, որի համար Հայաստանի Հանրապետությունը միացել է  այդ կառույցին, իսկ այդ կառույցը, ըստ էության, ՀՀ-ի սուվերենության  երաշխավորներից մեկն է, և մենք այս մասին պետք է շատ ուղիղ խոսենք մեր գործընկերների հետ։ Այս մասին մենք նաև պետք է ուղիղ խոսենք մեր ռուս գործընկերների հետ»,- նշեց Աղաջանյանը՝ հավելելով, որ Հայասատանը ցանկություն չունի շեղելու իր արտաքին քաղաքականությունը և փնտրել նոր դաշնակիցներ։ 

«Հետևաբար ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ավելի պրոակտիվ լինի մեր դաշնակից գործընկերների հետ, և վստահաբար այն խնդիրները, որոնք  առկա են հնարավոր է լուծել և գնալ այդ ճանապարհով»։

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանից և Ռուսաստանից բացի կան նաև այլ երկրներ, որոնք Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, և այդ պարագայում դժվար է պատկերացնել, որ նրանք ինչ-որ գործընթացներ սկսվելու պարագայում զենք ու զորք կուղարկեն Հայաստանը պաշտպանելու, Էդուարդ Աղաջանյանը արձագանքեց, որ այդ կառույցում ամենաազդեցիկը Ռուսաստանն է՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։

  • Կիսվել: