կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է․ Միքայել Մելքումյան

Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է․ Միքայել Մելքումյան

Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է, այսինքն՝ չի աշխատում, չկա իշխանություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ 2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է 11 անգամ, ինչը արտառոց երևույթ է, իսկ ներդրումները հոսում են դեպի ռազմավարական գործընկերոջ մոտ:

«Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը չի գործում, այսինքն, եթե նա չլինի, գուցե շատ ավելի լավ լինի: Ռազմական առումով «Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր», և մենք ինչպես ենք պատասխանում ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին, և ինչու չենք պատասխանում Ալիևին»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ երբ «Իսկանդերի» մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում և թյուրիմացություն է առաջացնում, սա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում նոր սեպ են խրում: Նա հարց բարձրացրեց, թե, ի վերջո, ով է գցել բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ:

  • Կիսվել: